Սոցփոդը հարթակ է սոցիումի «ձայնի» մասին: Սա փոդքասթ է սոցիումի ուժի, թուլությունների, մարտահրավերների, ձախողումների ու հաղթանակների մասին: Կարճ ասած՝ ձայնային պատումների շարք մեր մասին:
Սիրիահայ Իզաբել Դանգուրյանը, որն ավարտել է Օքսֆորդի համալսարանը, ապրել Սիրիայում ու տեսել տեղի քաղաքացիական պատերազմը, ամուսնու՝ Հովիկի հետ, տարիներ առաջ տեղափոխվեց Արցախ: Ստեփանակերտը, որտեղ գեթ մեկ ծանոթ անգամ չունեին, շատ փոքր թվաց, բարբառը՝ խորթ ու անհասկանալի:
Պատերազմի ժամանակ Իզաբելի հայտնի «Սամրա» արագ սննդի կետը կերակուր էր պատրաստում թե՛ ճաշարան ներս մտնողների համար, թե՛ նկուղներում ապաստանած մարդկանց: Կանաչիներով հարուստ Արցախի մայրաքաղաքում մի նոր համեմունքների փունջ էր հայտնվել, որն այնքան ուժեղ էր, որ հրետակոծության հոտն էր անգամ քողարկում:
60 լիտր տարողությամբ կաթսայի մեջ սկզբում ջանասիրաբար խառնում էր մթերքները, իսկ հետո արդեն ձեռքի տակ ինչ լինում էր, դրանով էլ ուտելիք էր պատրաստում: Երբեմն գալիս էին ու ասում՝ այ այսինչ օրը, որ պատրաստել էիք կերակուր, դրանից ենք ուզում: Իզաբելն էլ մտածում էր՝ այ մարդ, հիմա ինչպե՞ս հիշեմ, թե ինչն ինչի հետ եմ խառնել:
Նա ասում է, որ աշխարհի շատ երկրներում է եղել, ապրել անվտանգ, պատերազմներից հեռու քաղաքներում, բայց այն պաշտպանվածությունը, որն ունի Արցախում, չկա ոչ մի տեղ:
Այս էպիզոդը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի համար «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից։
Ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը 1989 թվականին ինքնաթիռով հասավ Ստեփանակերտ այնտեղ աշխատելու: Հավանաբար 30 տարի չէր մնա Արցախում, եթե չսիրահարվեր, չամուսնանար ու երեխաներ չունենար: Մանուշակը երեք պատերազմ է տեսել, բայց ո՛չ առաջինը, ո՛չ «Ապրիլյանը» հնարավոր չէ համեմատել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ:
Այս կռվի ժամանակ Մանուշակի չորս տղաներից երեքն ամենաթեժ կետերում էին, մեծ տղան՝ լուսանկարիչ Արեգ Բալայանը, լուսանկարում էր պատերազմական Արցախն ու մարդկանց: Արեգը հիշում է մորը՝ եղբոր շինշիլաների ֆերմային տիրություն անելիս, ապաստարանում քնապարկեր կարելիս, եկեղեցում աղոթելիս: Իր հանգստությունն էր մոր ներկայությունը Արցախում:
Սիրիահայ Իզաբել Դանգուրյանը, որ պատերազմի ընթացքում Արցախի մայրաքաղաքում ճաշարան ուներ և անվճար ուտելիք էր պատրաստում մարդկանց համար, հիշում է, որ մի անգամ, երբ տեսավ Մանուշակին, Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանին ակնարկեց, թե՝ Անի, տեսնու՞մ ես, մարդիկ անհոգ, հանգիստ ապրում են: Ապշեց, երբ Անին ասաց, որ տղաները սահմանին են, իսկ նրանցից մեկից 20 օրից ավել լուր չունի:
Մանուշակ Տիտանյանը պատմում է իր կռվի մասին ու այս զրույցը երկա՜ր մտածելու տեղիք է տալիս:
Էպիզոդի լուսանկարը՝ Արեգ Բալայանի
Այս էպիզոդը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի համար «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից։
2020 թվականի սեպտեմբերի 26-ին 25-ամյա Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը եկել էր Երևան մասնակցելու ծննդյան խնջույքի: Հաջորդ օրը պատրաստվում էր վերադառնալ Արցախմ երբ առավոտ կանուխ զանգ ստացավ՝ պատերազմ է:
Անիի հետ հանդիպում ենք Հայաստանի հանրային ռադիոյում, որտեղ շարունակում է աշխատել, բայց ոչ լուրերի բաժնում: Առաջին բանը, որ հարցնում եմ՝ վա՜յ, մազերդ կտրել ես, քեզ քո մազերով եմ միշտ հիշում: Թվում է, թե մազերի հետ պատերազմն է կտրել. այնքան էին խանգարում խոնավ բոմբաբեշում՝ ապաստարանում, իր՝ անվերջ խնամքի կարիք ունեցող փայլուն ու խիտ վարսերը:
Պատերազմին մասնակցում են տղամարդիկ, պատմում են տղամարդիկ, գրում են, նկարահանում ֆիլմեր, ու հաճախ նրանք են որոշում կնոջ մասնակցությունը և գնահատում կանանց՝ պատերազմում լինելության չափը: Անին ասում է, որ այնքան յուրահատուկ, խիզախ կանանց հետ է շփվել, որ հերքում է այն, որ կնոջ տեղը պատերազմը չէ: Հա,հաճախ կանայք ստիպված են հենց պատերազմում տարրական կենղացային խնդիրներ ավելի դժվարությամբ հաղթահարել, բայց ամեն մարդ ինքն է որոշում պատերազմում իր լինելը և չլինելը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Անին չլքեց Արցախը ու Ստեփանակերտի բոմբաբեշն առանց նրա անհնար էր պատկերացնել: Ամեն չորեքշաբթի ու ուրբաթ նա դեմքին դիմակ էր դնում, սառը ջրով լվանում երկար մազերն ու ֆեյսբուքում գրառումներ անում՝ ինչ կերան, ինչ արեցին, ով հյուր եկավ ապաստարան և այլն:
Այս էպիզոդում Անի Մինասյանն է՝ գետնի տակից ռադիոն առաջնագիծ հասցրած աղջիկը:
Լուսանկարի հեղինակ իտալացի ֆոտոլրագրող Էուջենիո Գրոսո:
Այս էպիզոդը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի համար «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից։
«Բարդակում» էինք՝ Ազատի փաբն ա, Ստեփանակերտի օրն էինք նշում, մինչև գիշերվա 4-ը նստեցինք ընկերներով, հետո էկա տուն: Քրոջս թաղում ասֆալտ էին փռել, ինքն էլ ֆեյսբուքում գրել էր՝ «դարակազմիկ իրադարձություն Ստեփանակերտում»: Էսօր մեր թաղում էլ էին փռել, վախեցա գրեմ. բա որ նորից պատերազմ սկսվեր…
21-ամյա շուշեցի Շուշանիկը (պապը 100 տարեկան տուն ուներ Շուշիում) 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ուղեկցել է արտասահմանցի լրագրողներին Արցախի տարածքով որպես թարգմանիչ: Պատերազմից առաջ ուզում էր գինեգործ դառնալ, իսկ հիմա՝ պատերազմ լուսաբանող լրագրող:
Առաջին տասը օրն անց է կացրել ամերիկացի լրագրող Բրենդոն Հոֆմանի հետ, որին հիմնականում հետաքրքում էին նկուղում ապաստանած մարդիկ:
Երբ Արցախ ժամանեցին ֆրանսաիական «Լե Մոնդ» թերթի լրագրողներ Լոուրան Վան Դերստոկն ու Ռեմի Օրդանը, որոնք 30 տարի է աշխարհի տարբեր թեժ գոտիներում վավերագրում են պատերազմը, Շուշանիկը հնարավորություն ստացավ տեսնել, թե ինչպես են աշխատում այսպես ասած՝ զինվորներ դարձած լրագրողները: Ստեփանակերտի հյուրանողներից մեկում օթևանող լրագրողները Շուշանիկի պատմելով՝ շատ թիթիզ էին, իսկական ֆրանսիացի ու չափազանց կոփված՝ որևէ բանից վախենալու համար:
Ընկերները կատակում էին, թե խենթ է. անգամ պատերազմի ժամանակ մազերն անուշ են բուրում: Իսկ ինքը մի տեսակ անզգայացրել էր վախերն ու իր կյանքն էր ապրում՝ օր օրի դատարկվող Ստեփանակերտում:
Պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքը մի տեսակ մեծ «բարդակի» է վերածվել, ծերացել է, մթնել, ջահելները լքում են քաղաքը:
Մի օր մեկը փողոցում նրան տեսավ ու ասաց. -Գնա հա՞, էս ջահելի տեղ չի: -Գնացողը չեմ,- պատասխանեց:
Բրենդոն Հոֆմանի՝ 44-օրյա պատերազմին նվիրված լուսանկարների շարքը՝
https://www.brendanhoffman.com/nagorno-karabakh
Էպիզոդի լուսանկարը՝ Շուշանիկ Հայիրյանի անձնական արխիվից
Միջավայրային ձայնը՝ Անժելա Ֆրանգյանի արխիվից
Այս էպիզոդը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի համար «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից։
Երևանի պետական բժշկական համալսարանի օրդինատոր Կարինե Ավանեսյանը սեպտեմբերի 26-ին պատրաստվում էր 25-ամյակի մեծ միջոցառմանը: Ընկերուհին՝ վիրաբույժ Վիկտորյա Զախարյանը, այդ օրերին նվեր էր փնտրում նրա համար ու մասնակցում նախապատրաստական աշխատանքներին:
Ընկերուհիները միասին գնացին պատերազմ՝ Կարինեի հոր ուղեկցությամբ, որն էլ Ստեփանակերտի հոսպիտալում թողեց աղջիկներին: Հոսպիտալը վեր էր ածվել իսկական մեծ ապաստարան-վիրահատարանի ու եթե առաջին օրերին վիրավորումները քիչ էին, հնարավոր էր լինում տարբերակել, հերթով քննարկել, ապա հետո ամեն ինչ փոխվեց:
Վիրահատարանները կարող էին միանգամից զբաղված լինել մի քանի վիրավոր տղաներով ու ամեն ինչ ավելի վատացավ, երբ հոսպիտալի վերևի հարկից բոլորը ստիպված էին տեղափոխվել ապաստարան:
Կարինեն հիշում է, որ անգամ մի քանի րոպե մաքուր օդում մնալն էր վտանգավոր, որովհետև մեկ անգամ հազիվ է փրկվել: Վիկտորյան էլ ասում է, որ երբեմն մտածում էր, որ Երևան էլ հետ չի գա, չի փրկվի ու ինքն իրեն հարց էր տալիս՝ արդյո՞ք ամեն ինչ հասցրել եմ անել:
Սոցփոդ նախագծի այս շարքը նվիրված է աղջիկներին, որ գնացին պատերազմ 2020 թվականի սեպտեմբերին:
25-ամյա Մանյա Սարգսյանը պատերազմ է մեկնել 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, վերադարձել՝ նոյեմբերի 11-ին: Մանյան եղել է ամենաթեժ կետերում ու բժշկական օգնություն ցույց տվել վիրավորներին: Պատմում է, որ դասական բժշկության շատ հնարքներ ուղղակի կիրառելի չէին պատերազմում և հաճախ արյունը կանգնեցնելու համար պարզապես բավական էր ձեռքով բռնել անոթն ու վերջ՝ այլ տարբերակ չկար:
Մանյայի մեջ ամենից շատ տպավորվել է մի զինվոր, որին բերել էին Գորիս Կարմիր շուկա գյուղից ու այն սեղանը, որի վրա պառկած էր երիտասարդը, համարակալված էր՝ Կարմիր շուկա, սեղան համար 6: Զինվորը հետագայում մահացավ Գորիսում, որտեղ մահերին զուգահեռ՝ ծնվում էին երեխաներ ու սա ամենամեծ դիսոնանս էր պատերազմի:
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Լյուսի Հովակիմյանը պատերազմի ընթացքում քսան անգամ եղել է Ստեփանակերտում: Կռվի ժամանակ ծանր օրերը չես հաշվում, բայց կան պատմություններ, որ սիրտդ հավերժ լցնում են և՛ տխրությամբ, և՛ ջերմությամբ: Այս էպիզոդում Լյուսիի ջերմացնող ու սթափեցնող պատմություններն են:
Սոցփոդ նախագծի այս շարքը նվիրված է աղջիկներին, որոնք գնացին պատերազմ:
Նկարչուհի Ազնարէ Բնյանը երևանյան փաբերից մեկում մատուցողուհի էր աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Եղբայրը ժամկետային զինծառայող էր, սիրած տղային էլ ծանուցագիր էին ուղարկել:
Ստեփանակերտ հասավ ավտոստոպով, բայց այնտեղ բոլորը չէ, որ գրկաբաց ընդունեցին ձեռքերին տատուներ ունեցող, ականջներին պիրսինգներ կախած, անսովոր սանրվածքով «երևանցի աղջկան»:
Ազնարէն պատերազմում կորցրեց թե՛ եղբորը, թե՛ սիրած տղային: Նոյեմբերի 4-ին եկավ Սաքոյի հուղարկավորությանն ու հետ գնաց՝ հանուն նրանց Սաքոների, որոնց դեռ կարող էին փրկել:
Սոցփոդ նախագծի այս շարքը նվիրված է աղջիկներին, որոնք գնացին պատերազմ:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մեգի Միզրաչին ընտանիքի հետ արդեն վեց ամիս ապրում էր Հադրութում: Մեգին ապրել է ու սովորել է Փարիզում, ԱՄՆ-ում, Վանկուվերում, Երուսաղեմում: Սիրահարվել է հայ սպայի ու արդեն տասը տարուց ավելի միասին են ու ամուսնու զինվորական ծառայությանը զուգահեռ՝ ամբողջ ընտանիքով են ծառայում Հայաստանին:
Պատերազմի ընթացքում էլ Հադրութում էին, որին Մեգին սիրահարված էր ու համարում էր իր տունը: Սպետեմբերի 29-ին նրան հեռախոսակապի միջոցով հայտնեցին, որ ամուսինը զոհվել է, մի քանի ժամ անց, սակայն, լուրը հերքվեց:
Հադրութի կյանքի, Հայաստանում ապրելու մարտահարվերների ու պատերազմի միջով անցած սիրո մասին է Սոցփոդ նախագծի Բարի գալուստ Հայաստան շարքի վերջին էպիզոդը:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Չինացի Չին Հայաստանի մասին ոչինչ չգիտեր, երբ 2017 թվականին օգոստոս ամսին, մի շոգ օր, եկավ Երևան: Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում չինարեն դասավանդող աղջկա առավոտը հայավարի է սկսվում՝ մեկ գավաթով արևելյան սուրճով, որին հաջորդում է մածունն ու կաթնաշոռը:
Չին ասում է, որ Հայաստանում ամենից շատ սիրում է մարդկանց, որոնք ջերմ են ու պատրաստակամ: Իր ուսանողների հետ ընկերություն է անում, գնում են արշավների, միասին տոներ նշում, հավաքվում իր տանն ու չինական սեղանի խաղեր խաղում: Ուսանողներից գոհ է՝ շատ հոգատար են, բայց կուզեր, որ ավելի աշխատասեր լինեին, քանի որ շատ խելացի են ու արագ են ընկալում ամեն բան: Փոքր-ինչ աշխատասիրություն ու ամեն բան ավելի լավ կլիներ:
Չին մեկ անգամ է եղել Արցախում ու ասում է, որ Շուշին այնքան էր իրեն գրավել, որ ընկերներին ասում էր, թե անպայման պիտի մի օր տուն գնի այնտեղ:
Ամռանը Չին կվերադառնա Չինաստան, բայց գնալ չի ուզում, պարզապես մայրն իր կարիքն ունի: Խոստանում է՝ վերադառնալու է ջերմ մարդկանց երկիր, որոնք շատ նման են չինացիներին ու անգամ առաջին հանդիպման ժամանակ կարող են հարցնել՝ բա ինչու՞ ամուսնացած չես, քո համար լավ տղա գտնենք, ամուսնացնենք :)
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Ջեյքոբ Փըրսլին, որին Հայաստանում Հակոբ են ասում, արդեն չորս տարի է կնոջ ու երկու երեխաների հետ ապրում է Հայաստանում: Հակոբը ԱՄՆ-ի Արկանսաս նահանգից է, որն աշխարհին հայտնի է որպես Բիլ Քլինթոնի ու Walmart առևտրային ցանցի հիմնադրի ծննդավայր: Հակոբն անձամբ գիտեր Ուոլմարթին ու ընկերություն է անում նրա թոռների հետ:
Միսիոները ասում է, որ այստեղ՝ Երևանում, եկեղեցի ունեն ու շտապում է հստակեցնել՝ ոչ մի կրոնական շարժման ներկայացուցիչ չէ, բողոքական եկեղեցու հետևորդ է, որը փորձում է Հայաստանում ապրող օտարազգիների համար, որոնք առաքելական եկեղեցի չեն հաճախում, հարթակ տրամադրել հանդիպելու, հոգևոր զրույցներ ունենալու, նոր մարդկանց հետ շփվելու համար:
Հակոբն ասում է, որ հայերենում իր համար ամենից դժվար արտասանվող բառը հատակապատաճեղքային տափակափայտն է. ոչ մի կերպ չի կարողանում արտաբերել այդ բառը: Շատ սիրում է հայկական խոհանոցը, երեխաները հրաշալի տիրապետում են հայերենին, Սյունիքի մարզում՝ Ագարակում տուն է գնել, խոշոր ձեռներեցների հետ է հանդիպում ու փորձում ամեն ինչ անել, որ հատկապես Սյունիքում բիզնես հիմնեն:
Հակոբը ճամփորդում է Հայաստանով, ուսումնասիրում հայկական մշակույթը, օտարազգի հյուրերին ծանոթացնում մեր երկրի չբացահայտված անկյուններին ու պարզապես սիրում հայերին՝ սրտաբաց ու հյուրընկալ այս մարդկանց, որոնք առաջին բառից հետո դառնում են քո ընկերը:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Մեթ Բարթելզյանը ամերիկացի է, որն արդեն տասնվեց տարի ապրում է Հայաստանում, ամուսնացած է հայուհու հետ: Ասում է, որ հայուհիները գեղեցիկ, ուժեղ ու խելացի են:
Մեթն ու Էլլան՝ կինը, ծանոթացել են Վարշավայում: Էլլային տեսնելուն պես՝ Մեթը սիրահարվել է: Հիշում է, որ ամենազավեշտալին Հայաստան գալն ու կնոջ ծնողների հետ ծանոթանալն էր: Այժմ զույգը, որը միասին ապրում է քսանմեկ տարի, ունի չորս երեխա:
Մեթն ու կինը ավետարանչական եկեղեցու հովիվներ են, այստեղ ունեն եկեղեցի-հավաքատեղի, որտեղ այցելում են այն օտարազգիները, որոնք ապրում են Հայաստանում, սակայն չլինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, փնտրում են իրենց հոգևոր պահանջները լցնելու մեկ այլ տեղ:
Մեթը նաև իր սթարթափն ունի, որը կոչվում է Փազլ: Հայաստանում ապրելն իրեն դուր է գալիս՝ չնայած այստեղ ապրելու բացասական կողմերի մասին էլ չի խուսափում բարձրաձայնել:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
2020 թվականին Երևան քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Խորենացի 27/2 հասցեում բացվեց Եգիպտական սրճարան, որի շեֆ-խոհարարը, ինչպես ինքն է իրեն սիրում կոչել՝ Շեֆ Ամինն է:
Ծնունդով եգիպտացի Ամինը սովորել է Ալեքսանդրիայում, այնուհետև աշխատել աշխարհի ութ երկրներում, բացել մի քանի հյուրանոցներ ու սրճարաններ տարբեր վայրերում: Ամինի համար իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը Սաուդյան Արաբիայի արքայազնի շեֆ-խոհարար լինելն էր:
Մինչև Հայաստան տեղափոխվելը ոչինչ չգիտեր այս երկրի մասին՝ չնայած Եգիպտոս այցելող հայ զբոսաշրջիկների մեծ հոսքին: Հայաստանում միակ բանը, որ չի սիրում, ցուրտն է, ամենից շատ սիրում է մարդկանց, որոնք շատ ջերմ ու հյուրընկալ են:
Թեև Ամինը մեր երկրում ապրում է արդեն ութ տարի, սակայն բարև ախպերս, ինչ կա չկա, ոնց ես, փլավքամիչ, սոխ-սխտոր բառերից զատ, այլ բաներ չգիտի, փոխարենը տղան, որը Երևանի ռեստորաններից մեկի խոհարարն է, փայլուն խոսում է հայերեն:
Ամինը պատմում է, որ իր խոհարարական տաղանդի համար պարտական է տատիկին, որն ապրում էր իրենց տան առաջին հարկում: Դպրոցից տուն վերադառնալիս Ամինն առաջինը տատիկի տուն էր մտնում, սովորում տատից՝ ինչպես պատրաստել եգիպտական կերակուներ, մի լավ սնվում, հետո միայն բարձրանում տուն: Ի պատիվ տատիկի՝ երկու ճաշատեսակ է մատուցում իր կողմից բացված ռեստորաններում՝ Տատիկի ապուրը և Տատիկի ֆալաֆելը:
Այս էպիզոդի ընթացքում Ամինն ի՜նչ ասես պատրաստեց, խոստովանեց, որ բաղադրատոմսեր կան, որ այդ պահին հորինում է, հետո՝ մոռանում: Եգիպտական սրճարանի մյուս խոհարարը՝ Արթուրը, գրի է առնում ամեն բան, որ Ամինի պատրաստածը կարողանան կրկնել: Շեֆ-խոհարարն ասում է, որ Արթուրն ասես իր որդին լինի, որն արդեն գրեթե ամբողջությամբ սերտել է եգիպտական խոհանոցի նրբությունները: Ի դեպ, Արթուրը հրաշալի պատրաստում է եգիպտական խոհանոցի այցեքարտ համարվող կոշարին:
Սրճարանի գները մատչելի են, չափաբաժինները՝ ՉԱՓազանց ՄԵԾ, այնպես որ, Խորենացի փողոցով անցնելիս, մտե՛ք այս գունավոր ու հյուրընկալ սրճարան, որտեղ ԱՄԵՆ ԲԱՆ ՀԱՄԻ ՄԵՋ Է:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի սովորական առավոտը գրեթե բոլոր հայերի մոտ սկսվեց նույն նոտայից. Արցախում պատերազմ է: Այդ օրը Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը որոշեց, որ մի վայրկյան նստելու ժամանակ չկա ու սկսեց համախմբել ծանոթ-անծանոթներին: Այդ արագ մոբիլիզացիայի արդյունքում՝ Տերյան մշակութային կենտրոնում մեկնարկեցին մի շարք նախաձեռնություններ՝ ի օգուտ Արցախի: Հենց այդպես հանդիպեցին արցախցի Նինան ու Լիլիթը, սկսեցին օրնիբուն աշխատել միասին՝ համախմբելով հայաստանցի ու արցախցի կանանց հանուն այն բանի, որ անգամ պատերազմի նման չարիքի մեջ մարդիկ չդադարեն հավատալ, որ ամեն փոքր քայլ սկսվում է մարդասիրությունից:
Հայերը շատ բարի են ու հայի հետ ընկերանալու համար մի շփումն էլ բավական է: Ես սիրում եմ Հայաստանը, հայկական խոհանոցը, այստեղ սովորում և աշխատում եմ: Հայերեն այնքան էլ վարժ չեմ խոսում, բայց դա էլ կհաղթահարեմ:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
*Երբ առաջին անգամ Հայաստան եկա, մտա մրգերի խանութ ու ասացի. -Խնդրու'մ եմ, ինձ տվեք արքայախնձոր, արքայանարինջ ու ադամաթուզ: Մարդիկ ինձ այնպես նայեցին ասես չինարեն էի խոսում:
Իմ սիրած հայ թագավորը Տիգրան Մեծն է ու ես դպրոցում իմացել եմ, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց շատ մեծ պատմություն ունի: *
Բոլոր լեզուներում շնորհակալություն բառն ամենից կարճ, ամենից հեշտ արտասանվող բառն է: Հայերենում....Աստված իմ՝ շնորհակալություն ասելու համար տառապանքի միջով պիտի անցնես:
Երբ պատերազմը սկսվեց, չգիտեի՝ ինչ անել, ինչով օգնել: Հայերենից չինարեն էի թարգմանում նորություններն ու իմ ֆեյսբուքում տեղադրում: Հետո ձմեռային տաք հագուստս հանեցի ու տարա որպես օգնություն, բայց մտածեցի, որ սա մի չնչին բան է. պետք է ավելին անել: Պատերազմի օրերին ու դրանից հետո էլ ամեն օր, դասերն ավարտվելուն պես, գնացել եմ Տիկնիկային թատրոն, օգնել, որ սնունդը տեսակավորեն, հետո գյուղերով շրջել ենք ու բաժանել այդ ամենը: *
Տիկնիկային թատրոնի մեր պահակն ավելի շատ բան գիտի Չինաստանի մասին, քան ես, այնպես որ, եթե հարց եմ ունենում՝ իրեն եմ տալիս: *
Չարենցավան գնալու ճանապարհին մեր մեքենան փչացավ, մարդիկ մոտեցան, առանց գումարի օգնեցին, որ սարքենք: Չինաստանում նման բան չես տեսնի, դրա համար էլ հայերին շատ եմ սիրում: *
Պիտի մաքրենք Երևանի այգիները, մի բան պիտի անենք, աղբը խեղդում է քաղաքը, չի կարելի այս սիրուն քաղաքը լցնել պլաստիկով ու շշերով: *
Հայաստանում չեմ սիրում այն, որ երբ ընկերներիս տուն եմ գնում, իրենք նստում են ու կանանց ասում՝ այս բեր, այն տար, սարքիր, եփիր: Չինաստանում մեծերին ու երեխաներին ենք ասում՝ նստեք, մենք կանենք, բայց մենք ասելով՝ ի նկատի ունեմ և՛ կանայք, և՛ տղամարդիկ:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Սառա Թրեվերթը Լոնդոնից Երևան է տեղափոխվել հինգ տարի առաջ ամուսնու ու երեխաների հետ: Այս փոդքասթում կարող եք լսել.
-Սառայի հայ հարևանների ու նրանց գերհոգատարության
-Տաքսու վարորդ Հրաչիկի հետ ընկերանալու
-Հայաստան տեղափոխվելու պատճառների
-Սառայի՝ բանտում աշխատելու փորձառության
-Պատերազմի ժամանակ իր կատարած աշխատանքի ու նվիրման մասին:
Ս: Այո, ես ծնվել եմ ու մեծացել եմ Լոնդոնում, այնտեղ դպրոց եմ հաճախել ու համալսարան: Հետո իհարկե տարբեր քաղաքներում եմ ապրել, ամուսանցել եմ, երեխաներ եմ ունեցել, այդպես:
Կ: Լավ, ասա խնդրեմ, ի՞նչ եք անում հիմա:
Ս: Մենք հիմա պատրաստում ենք անգլիական մի հայտնի ուտեստ, որ խնձորով կարկանդակ է ու ամեն բրիտանական ընտանիք անպայման այն պատրաստում է նախաճաշին: Այնքան քիչ բաղադրիչներ է պարունակում, որ ամեն մեկն էլ կարող է պատրաստել:
Կ: Սա նախաճա՞շ է:
Ս: Ոչ, սա աղանդեր է, ամերիկացիներն էլ ունեն նման մի բան: Սա այնքան հեշտ է, որ իսկապես ամեն մեկն էլ կարող է անել:
Ս: Ամենից շատ Լոնդոնում սիրում եմ բազմազանությունը: Դու նստում ես ավտոբուս ու տարբեր ազգերի, մշակույթների կրողների հանդիպում, լսում տարբեր լեզուներ. դա հրաշալի է: Բայց այն շատ զբաղված քաղաք է, կարող է լինել շատ միայնակ, տխուր, որովհետև մարդիկ իրար հետ չեն շփվումայնքան, որքան Հայաստանում: Մարդիկ գնում են իրենց տուն ու փակում դռները: Բայց հրաշալի վայրեր կան Լոնդոնում, այն անպատմելի գեղեցիկ է:
Ս: Գիտե՞ս ինչն եմ ամենից շատ սիրում Հայաստանում. կանաչեղենն ու հնդկաձավարը, ահ, նաև մածունը: Երբ Անգլիայում ես, կարող ես գնել կանաչիների մի փոքրիկ փունջ, իսկ Հայաստանում մի մեծ կապ ես գնում:
Կ: Ես լիքը հյուրեր եմ ունեցել ու երբ իրենց հարցնում եմ՝ ի՞նչն եք սիրում Հայաստանում, բոլորն ասում են՝ կանաչեղենը:
Ս: Ես պաշտում եմ մրգեր ու բանջարեղեն, իսկ այստեղի նուռն ուղղակի անմահական է:
Ս: Շատ նեղսրտում եմ, որ հայերեն չեմ կարողանում վարժ խոսել, հաճախ ինձ համար դժվար է հասկանալ մարդկանց միայն լեզվական խոչընդոտի պատճառով: Ես շատ անմիջական մարդ եմ ու սիրում եմ շփվել, հետաքրքրվել մյուսների նախասիրություններով, պատմություններով, խնդիրներով, բայց լեզուն շատ է խանգարում: Բայց ես անչափ սիրում եմ Հայաստանը, հայերին, որոնք ուժեղ են, շատ բացսիրտ են: Իրականում հեշտ չէ դառնալ հայի ընկերը, պիտի ճանապարհ անցնես նրա հետ: Ունեմ հայ ընկերներ, որոնց հետ կարող եմ և՛ լացել, և՛ ուրախանալ, և երեխաների հագոսւտով փոխանակվել, բայց քանի որ ես երեք երեխաներ ունեմ, ժամանակ չի մնում նրանց հրավիրել իմ տուն, երկար խոսել և այլն: Ավելի շատ մենք ենք մեր հայ ընկերների տուն գնում:
Կ: Ի դեպ, սիրու՞մ եք հայկական սուրճ:
Ս: Սիրում եմ այդ արարողակարգը, երբ մարդիկ հավաքվում են միասին, քննարկում ինչ-որ բաներ, ասում են՝ սուրճ խմե՞նք ու շատ հավես է անցնում, բայց չէի ասի, որ ամեն օր խմում եմ:
Կ: Անգլիացիները կաթով թեյի սիրահար են, այդպե՞ս է:
Ս: Այո, ես այնքան թեյ եմ բերում Անգլիայից, որովհետև այստեղի թեյերն այդքան էլ ոթունդ չեն, դրա համար միշտ Լոնդոն գնալիս բերում ենք մեզ հետ:
Ս: Ես ու ամուսինս ինը տարի ընկերներ ենք եղել, հետո միայն ամուսանցել: Ես տարբեր երկրներով ճանապարհորդում էի, աշխատում, ինքը՝ ևս: Հետո երբ հետ եկա, մեր ընկերությունը դարձավ ամուսնություն:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Lilit Margaryan is from Artaskh, Karmir Shuka village of Martuni Region. On September 27th when Azerbaijan launched attack on Stepanakert, she woke up from the terrible voice of bombardment. A few days later, she had to leave her city. In this episode she talks about her emotions, her hope for the future. Lilit says she didn't manage even to say goodbye to her village...
Mariam Grigoryan is 18 year old girl from the village of Katchen, Askeran. She had to leave her motherland Artsakh because of the war started on the 27th of September by Azerbaijan. Mariam now is on the way to her home, she promises to take care of Artsakh. Katchen is brave, we are brave, says Mariam.
Helen Asryan is from the capital of Artsakh, Stepanakert. She is Yerevan because of the war, but she will go back soon to flourish her motherland.
...Ընկերներիս հետ գնում էի էքսկուրսիա դեպի Տաթևի վանական համալիր: -Ես Սոֆի Աբրահամյանն եմ, տասնինը տարեկան, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից եմ: Ես սովորում էի Արցախի պետական համալսարանում, բայց պատերազմի բռնկման պատճառով բոլոր կրթական հաստատությունները դադարել են գործել: Օրն այնքան լավ էր սկսել, մենք ընկել էինք հիշողությունների գիրկն ու այնքան ուժգին էինք ծիծաղում, որ չէինք լսում հրթիռակոծության ձայները: Հանկարծ, ավտոբուսի պատուհանից նայեցինք ու տեսանք ամեն բան: Իհարկե, մենք վախեցած էինք, բայց ստիպված էինք Ստեփանակերտ գնալ՝ չնայած վտանգին: Մի ծառի տակ կանգ առանք մոտ մեկուկես ժամ, հետո շարժվեցինք դեպի մայրաքաղաք: Երբ տուն հասա, բոլոր հարևանները, ներառյալ՝ մայրս, նկուղում էին պատսպարվել : Մենք այնտեղ մնացինք մի քանի ժամ, ոչինչ չունեինք ուտելու: Հետո որոշեցի վերև բարձրանալ ու քնեցի բազմոցին: Արթնացա ուժեղ հրետակոծության ձայնից: Ես միշտ սիրել ու սիրում եմ Երևանը: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, իմ սիրած փողոցներն ունեմ, բայց այս անգամ բոլորովին այլ զգացողություններ ունեի, չէի ուզում գալ: Ամբողջ ճանապարհին ինձ հարց էի տալիս. -Ի՞նչու պիտի թողնեմ իմ ծննդավայրը՝ իմանալով, որ այն վտանգի մեջ է: Ի՞նչու պիտի թողնեմ իմ տունը, ընկերներիս, իմ ամենավառ հիշողությունները: Ես կարոտում եմ իմ տունը, քաղաքի հոտը, մարդկանց դեմքերը, որ այդքան հարազատ են ինձ: Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում, մահ չենք ուզում ո՛չ մեր, ո՛չ էլ ձեր կողմից: Իմ ամենամեծ երազանքը խաղաղությունն է, իմ իրավունքը՝ ապրել խաղաղ երկրում: Ուզում եմ հետ գնալ իմ տուն: Ես ունեմ լիքը բարեկամներ ու ընկերներ սահմանին, ամեն օր աղոթում եմ իրենց անվտանգության համար: Ուզում եմ, որ անփորձանք տուն գան: Ես Ձեզ եմ դիմում՝ Իսյարելի նախագահ պարոն Ռիվլին: Բավակա՛ն է զենք վաճառեք Ադրբեջանի կառավարությանը, որ նրանք օգտագործեն այն արցախցի ու հայաստանցի խաղաղ բնակչության դեմ: Մեր ազգերը պատմություն ունեն, մենք Ցեղասպանություն են ապրել, թույլ մի՛ տվեք, որ պատմությունը կրկնվի: Ուրիշների արյամբ փող մի՛ աշխատեք:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։
Շունչ փոդքասթի Բարի գալուստ Հայաստան շարքի հյուրը ռեժիսոր Սաշկա Ավանյանն է:Հայաստանն ինձ տվեց իմ ազգային ինքնությունը, ազի՜զ...
Ս: Բայց ես հայ եմ: Հա, էլի՝սփյուռքահայ: Կ: Դե այո, բայց ասա, որ հեշտ որոշում չէր գալ ու Հայաստանում հաստատվել: Ս: Հա, դա հաստատ, հատկապես Վանաձորում ապրելու որոշումը: Կ: Լավ, ասա խնդրեմ, թե ի՞նչ ենք պատրաստելու: Ս: Ուրեմն, պատրաստելու ենք «գուակամոլի», որովհետև մեր բակի խանութում ավոկադո էին ստացել ու ես մտածեցի, որ լավ գաղափար է սրանց օգտագործելը: Երբ ես փոքր էի, հայրս հաճախ էր ինձ համար գուակամոլի պատրաստում ու այս նախուտեստը լավ հիշողություններ է արթնացնում իմ մեջ: Կ: Ի՞նչ ես կարծում՝ դու լա՞վ խոհարար ես: Ս: Երբ ինքս ինձ համար եմ պատրաստում, այո (ծիծաղում է): Բայց մի բայց կա. ես երբեք նույն ուտեստը նույն կերպ չեմ կարող պատրաստել, միշտ մի բան հորինում եմ ու իմպրովիզներ անում: Կ: Իսկ հայկական խոհանոցը սիրու՞մ ես: Ս: Հա, շատ եմ սիրում, բայց ինձնից ժամանակ պահանջվեց սիրելու համար: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ եկա Հայաստան «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր, ինձ տարան հրապարակի մոտ գտնվող սրճարաններից մեկն ու այն աղջիկը, որն ուղեկցում էր ինձ, ասաց, որ ես անպայման պիտի սպաս՝ թանով ապուր փորձեմ: Ասացի լավ, խնդիր չկա: Բերեցին կեֆիրի նման մի բան՝ մեջը հատիկներ ու ես ապուշ կտրած ուզում էի հասկանալ, թե դա ինչ էր: Ու սկզբում ուղղակի ատում էի այն, բայց հետո ես տեղափոխվեցի Վանաձոր ու սկսեցի ապրել հյուրընկալ ընտանիքում մի տատիկի հետ, որն այնպիսի տնական սպաս է պատրաստում, որ ես ուղղակի խենթանում եմ այդ ապուրի համար:
Կ: Սաշկա, քեզ կարելի՞ է ֆեմինիստ համարել: Ս: Հա, հարյուր տոկոս, էս ի՜նչ հարց ա: Տես, ես ծնվել եմ Տեխասում, բայց մենք ապրել ենք Մոսկվայում մինչև իմ՝ տասնչորս տարեկան դառնալը: Հետո տեղափոխվել եմ Կանադա, բայց ես ֆեմինիստ եմ ոչ այս կամ այն երկրում ապրելու շնորհիվ, այլ պարզապես որովհետև կին եմ, այլ պատճառ չկա: Կ: Լավ, այդ դեպքում ի՞նչ ես կարծում ինչ խնդիրներ ունենք մենք Հայաստանում՝ կապված կանանց իրավունքների հետ: Ս: Դե, խնդիրները շատ են, բայց ես կառանձնացնեմ հատկապես ընտանեկան բռնությունը ու նաև չափազանց շատ հսկողությունը երիտասարդ աղջիկների նկատմամբ: Կամ վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրները: Ես միշտ ասում եմ, որ հիմա ապրում եմ բավական պահպանողական միջավայրում, որովհետև Վանաձորում իմ ընկերների 90 տոկոսը «քյառթու» են: Ու ինձ համար սա հետաքրքիր փորձառություն է գիտակցել, որ ընկերներիս մեծ մասը կարծում է, որ կնոջ տեղը խոհանոցն է: Ես այս մասին խոսում եմ իմ քայռթու ընկերների հետ ու իրենց ասում եմ՝ լավ, ենթադրենք ես ձեզ հասկանում եմ: Բայց ինչպե՞ս եք այդ դեպքում ընկերություն անում ինձ հետ, չէ՞ որ ես լրիվ հակառակն եմ այդ ամենի: Ու իրենք ինձ ասում են՝ դու տեղացի չես, դու Կանադայից ես, քեզ կարելի է: Այո, ես պահպանողական միջավայրում եմ, բայց ինձ այստեղ անհարմար չեմ զգում, որովհետև արդարացում ունեմ՝ սփյուռքահայ եմ: Ես սիրում եմ Վանաձորն ու ամբողջ էներգիաս, ջանքերս ներդնում եմ այս քաղաքի զարգացման վրա, բայց եթե ես ծնված լինեի ու ապրեի այստեղ, այս ճնշման ներքո, հաստատ ամեն ինչ կանեի փախչելու համար:
Ս: Ինչ է նշանակում քյառթու....հմմմ, քյառթու բառացի նշանակում է հին հաց, բայց երբ տղայի մասին ես ասում, ապա ի նկատի ունես կարճ, ճակատին թափված մազափնջով, արևածաղիկ կեղևազրկող, պպզած :D Բայց քյառթուն միայն հագուստին ու տեսքին չի վերաբերում, դա կենսակերպ է: Չէ, ես սիրում եմ քյառթուներին, շատ ընկերներ ունեմ: Մի ընկերուհի ունեմ՝Անահիտը, որն ամուսնացավ ու երեխա ունեցավ, դարձավ դասական ամուսնական կյանքով ապրող կին. եփել-թափել, երեխային պահել, աշխատանքի մասին մոռանալ և այլն: Ու մի անգամ, երբ գնացի իրենց տուն, ես իր ամուսնու ու ընկերների հետ նստած զրուցում էի, ինքը սեղան էր գցում, երեխային նայում և այլն: Ես այդպես չէի կարող ապրել, բայց ֆեմինիզմի ամենակարևոր գաղափարներից մեկը նաև այն է,որ ընդունես ուրիշի տեսակետն ու ապրելակերպը:Նա այդպես է երջանիկ. ո՞վ եմ ես, որ դատեմ իրեն: Խնդիրն ինձ համար այն է, որ շատ կանայք այդպես են ապրում ոչ թե որովհետև դա իրենց ընտրությունն է, ինչպես ընկերուհուս դեպքում, այլ որովհետև նրանց վրա ճնշում կա:
-Մայրս կիսով չափ ամերիկուհի է, կիսով չափ՝ գերմանուհի, իսկ հայրս՝ կիսով չափ ռուս, կիսով չափ՝հայ: Ես մեծացել եմ Մոսկվայում՝ ռուսական միջավայրում: Հայրս հայերեն չգիտի և մեր տանը երբեք հայերեն չենք խոսել, Հայաստանի մասին պատմություններ չենք լսել: Հետաքրքիր է, որ Ռուսաստանում ես հայտնի էի որպես ամերիկացի աղջիկ, երբ ԱՄՆ-ում էի, ինձ ընկալում էին որպես ռուս: Ու ես միշտ այդ խնդիրն ունեցել եմ՝ հասկանալ, թե ո՞րն է իմ իրական ազգային ինքնությունը: Ու Հայաստանն ինձ իսկապես ամենամեծ նվերն արեց՝ տվեց հնարավորություն հասկանալ իմ ինքնությունը ու հիմա, երբ ես ասում եմ՝ սփյուռքահայ եմ, էլ հարցեր չեն առաջանում: Երբեմն կատակում եմ՝ ասելով, թե Սփյուռքաստանից եմ: Հայրս Թուրքմենստանում է ծնվել, մեծացել, իսկական սովետի մարդ է ու առաջին անգամ եկել է Հայաստան, երբ ես սկսել եմ այստեղ ապրել, պատկերացնու՞մ ես: Ես երբևէ կապ չեմ ունեցել Հայաստանի, հայկական մշակույթի, հայոց պատմության հետ: Պապիկներիցս մեկը, որ ծնունդով Արցախից էր, մահացել է, երբ ես երկու տարեկան եմ եղել ու գուցե եթե ինքը ավելի երկար ապրեր, ես հնարավորություն ունենայի գիտակցել իմ հայկական ինքնությունը, բայց... Հայրս իրեն ռուս է զգում, բայց շատ հայկական արտաքին ունի ու երբ այստեղ էր, բոլորը զարմանում էին, թե ինչո՞ւ է ռուսերեն խոսում, ինչո՞ւ հայերեն չի հասկանում:
Կ: Քեզ համար դժվա՞ր էր տեղափոխվել Ռուսաստանից Կանադա ու ի՞նչ ես կարծում՝ այս երկու երկրներն իսկապես այդքան տարբեր են: Ս; Հաաա, հաստատ շատ տարբեր են: Ինձ համար դժվար չէր տեղափոխվելը, որովհետև ամառային արձակուրդները ես անց էի կացնում Տեխասում՝ մորական տատիկիս հետ, անգլերեն լեզուն ինձ համար երբևէ խնդիր չի եղել, որովհետև մայրս ամերիկացի է ու մենք անգլերեն էինք խոսում, չնայած ես համարում եմ, որ իմ մայրենի լեզուն ռուսերենն է: Ես դպրոցն էլ եմ Կանադայում ավարտել, բուհական կրթությունն էլ Մոնրեալում եմ ստացել: Երրորդ կուրսում ծանոթացա Արևիկ անունով մի աղջկա հետ, որն իմանալով, որ հայկական ազգանուն ունեմ, մոտեցավ, ծանոթացավ ինձ հետ ու հարցրեց՝ կուզե՞մ այնտեղ գործող հայկական կազմակերպություններից մեկի անդամ դառնալ: Պատկերացնո՞ւմ ես այդ առաջարկն արվեց ինձ, մեկին, որը չգիտեր անգամ, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Հայաստանը, ավելին՝ ամոթ է ասել, բայց ես չգիտեի Ցեղասպանության մասին, այսպես ասեմ՝ զրո գիտելիք Հայաստանի մասին: Հենց այդ ժամանակ էլ իմացա Դեպի Հայք հիմնադրամի մասին, եկա Հայաստան ու երբեք չեմ լքել երկիրը: Արդեն երեք տարի է այստեղ եմ ապրում:
Կ: Կասե՞ս հիմա ինչ ենք անում: Ս: Այո, հիմա կիտրոնի հյութ եմ քամում տապակած ավոկադոյի վրա, շատ համով է ստացվելու, սոխը կտրատել եմ, լոլիկը՝ ևս: Խառնելու ենք այս ամենը: Կ: Սաշկա, հետևո՞ւմ ես առողջ ապրելակերպի: Ս: Չեմ ասի, որ հետևողական եմ, բայց Վանաձորում ապրելը հնարավորություն է տալիս շատ հեշտ հետևել առողջ ապրելակերպի: Ես բակում խանութ ունեմ, այդտեղ եմ գնումներ անում, օրգանիկ բանջարեղեն եմ գնում: Կ: Իսկ լեզու՞ն, ինչպե՞ս ես շփվում մարդկանց հետ: Ս: Հայերենով, ես նման բաները կարող եմ հայերեն ասել, բացի այդ, բոլորը ռուսերեն հասկանում են:
Ս: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, այսպես ասած՝ամառային տուր էր: Ինձ համար այդ ճանապարհորդությունը ևս մի էկզոտիկ երկիր տեսնելու հնարավորություն էր: Ինձ թվում էր, որ ամեն բան նոր է լինելու ինձ համար, բայց ամեն ինչ շատ հարազատ էր, որովհետև այստեղ, ինչպես Ռուսաստանում, դեռ նկատելի է խորհրդային մշակույթի ազդեցությունը: Ինչքան քաղցրեղեն կար, որ Կանադայում կարոտում էի, այստեղ կա: Անգամ ճարտարապետությունը, որը վայ քո... վայ, կներեք, ես երբեք հայերեն կամ ռուսերեն չեմ հայհոյում, միայն անգլերեն: Ատում եմ, երբ մարդիկ հայհոյում են ռուսերեն՝ դա հայհոյանքի ամենավատ լեզուն է: Լավ, ինչևէ, շեղվեցի թեմայից, ի՞նչ էի ասում, հա: Ուրեմն, երբ առաջին անգամ եկա Հայաստան, ինձ համար որևէ բան խորթ չէր, բոլորը նախ ռուսերեն էին հասկանում, ինչը հեշտացնում էր իմ գործն ավելի, քան մյուս սփյուռքահայերի, որոնք անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով էին խոսում ու մեծամասնությունը նրանց չէին հասկանում: Օրինակ, խանութում որ ռուսերեն ինչ-որ բան ուզես, բոլորը կհասկանան, իսկ ֆրանսերեն՝ոչ: Երբ սփյուռքահայ ընկերներիս հետ գնում էինք սրճարան Երևանում, ես դառնում էի նրանց թարգմանիչը, որովհետև մատուցողները, բոլոր աշխատողները հասկանում էին ինձ: Ինձ համար լրիվ այլ բացահայտում էր հայերենը, որն այնքան խորն ու բազմաշերտ է, հարուստ բարբառներով, որ երբ ես Երևանում հայերենի դասերի գնացի, հետո Արցախում կամավորություն արեցի երեք ամիս, վերադարձա ու փորձեցի շփվել արևմտահայերեն խոսող իմ ընկերների հետ, ես ուղղակի շփոթմունքի մեջ էի, ոչինչ չէի հասկանում: Հիմա ես վանաձորցու բարբառ ունեմ ու Երևանում մարդիկ միանգամից կռահում են, որ Վանաձորում եմ ապրում: Սա շատ ծիծաղելի է, որովհետև ես երբեմն լինում եմ միջավայրում, որտեղ անգլերեն ենք խոսում ու երբ հեռախոսս զանգում է, վերցնում եմ ու ասում՝ հա, ազիզ....Պիտի տեսնես մարդկանց դեմքը:
Ս: Ես որոշեցի տեղափոխվել Վանաձոր այն ժամանակ, երբ ոչինչ չունեի՝ ոչ մի աշխատանք, ոչ մի գաղափար, թե ինչ եմ անելու: Հեղափոխությունը, որ տեղի ունեցավ 2018-ին, մեծ ազդեցություն թողեց իմ վրա, որովհետև ես հասկացա, որ գործ ունեմ մի երիտասարդ սերնդի հետ, որն ուզում է փոխել իր երկրի ապագան ու ես ուրախացա, որ դրանցից մեկը կարող եմ դառնալ՝ փոխելով Վանաձորը: Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ ու կամավոր հիմունքներով շատ նյութեր եմ նկարահանել Հայաստանի հետ կապված: Այդ տեսանյութերից մեկը խաչքարի մասին է: Ես վարպետ Բոգդան Հովհաննիսյանի մոտ խաչքարագործության դասերի էի գնում ու մեկ այլ հրաշք ինձ համար բացահայտեցի: Կ: Հետաքրքիր է, հիմնականում տղամարդիկ են խաչքարի վրա աշխատում: Ս: Հա, բայց դա էլ է ինձ զարմացնում, ինչու՞ միայն տղամարդիկ: Կ: Իսկ ինչ-որ աշխատանք հասցրի՞ր անել: Ս: Չէ, ես միայն օգնեցի վարպետին իր գործերից մեկի վրա աշխատել: Տուֆը շատ փափուկ քար է ու հետաքրքիր է դրա հետ աշխատանքը: Ես շատ սիրեցի տուֆը ու իրոք հաճույք ստացա խաչքարի հետ աշխատելիս: Կ: Լավ, մինչև քո վանաձորյան կյանքին անդրադառնալը, պատմիր ինձ, թե ինչպես է Կոսմոն՝ շունդ, հայտնվել այստեղ: Ս: Ահ, Կոսմոն իմ երեխան է, լուրջ, գժվում եմ իր համար: Ուրեմն, Վանաձորում Արմինե անունով աղջիկ կա, որը խնամում է թափառական շներին. տասնհինգ շուն ունի: Մի անգամ ինձ ասաց՝ մի շուն կա, որին որոշ ժամանակով պիտի խնամել: Ասացի՝ խնդիր չկա: Մինչև այդ, ես մոտ չորս շուն եմ պահել ժամանակավոր հիմունքներով, մինչև նրանց համար ապաստարան գտնվեց: Անցյալ ամառվանից Կոսմոյին վերցրի, որին ծեծել էին, այնքան տխուր վիճակում էր, իսկ հիմա տես՝ գլխիս է նստել: Շատ զիլ շուն է, իրար հետ ուր ասես գնում ենք՝ սար ենք բարձրանում, քայլարշավների ենք գնում, ես իրեն շատ եմ սիրում: Չէ՞ Կոս: Ես անունը Կոսմո եմ դրել, որովհետև ասես Տիեզերքն է ինձ իրեն ուղարկել: Կ: Շատ բարի շուն ա երևում, սիրուն աչքեր ունի: Ս: Հա, ընտիր շուն ա, խելացի ա (հայերեն):
Ս: Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ես իրոք երջանիկ եմ Վանաձորում: Այժմ բոլոր ջանքերս ուղղված են իմ ստարթափին՝ Կրեոպիային: Ես հիացած եմ Վանաձորով: Կ: Լավ, պատմիր՝ հասցրե՞լ ես արդեն սիրահարվել որևէ տեղացու: Ս: Չէ, մի լիբանանահայի էի սիրահարվել: Երևանում էր ապրում, բայց էնպես չի, որ մեծ սիրո պատմություն էր: Եթե ուզում ես հարցնել՝ կամուսնանամ երբևէ տեղացու հետ, ասեմ՝ ՉԷԷԷԷԷ: Կ: Անգամ եթե առաջադեմ ու ժամանակակից տղա լինի: Ս: Չէ, չէ, ոչ մի դեպքում: Կոսմո, սուս, թող խոսեմ... Հա, ինչ էի ասում: Լիքը տեղացի տղաներ կան, որ ճանապարհորդում են, ծանոթանում են նոր միջավայրերի ու բարքերի հետ, բայց եթե տղան ծնվել է Հայաստանում, տարբերակ չկա՝ նրա մեջ քյառթու տարրեր հաստատ կան, հարյուր տոկոս: Աստված չանի ես սիրահարվեմ հայաստանցու, իսկ դա հնարավոր է, քանի որ ես այստեղ եմ ապրում, բայց միշտ մտավախություն եմ ունենալու, որ ինձ կասի՝ մնա՛ խոհանոցում, մի՛ աշխատիր և այլն: Մենք հաստատ իրար չենք համապատասխանի:
Ս: Ես և Լուսինեն՝իմ գործընկերը, հիմնեցինք Կրեոպիան՝ մեր ստարթափը, որովհետև երկուսս էլ սիրում ենք Վանաձորը: Մենք նկատեցինք, որ այս քաղաքում ստեղծարար մարդիկ կան, որոնք իրոք էնքան կրեատիվ են, բայց տեղ չունեն իրենց պոտենցիալն օգտագործելու: Մենք տրամադրում ենք վիդեո մոնտաժի ծառայություններ այցելուներին, որոնց մեծ մասն անգլալեզու շուկայից է, երևի մոտ տասը տոկոսն են տեղացիներ: Մենք լիքը գործընկերներ ունենք, որոնց հետ ակտիվ համագործակցում ենք: Ֆիլմեր ենք նկարում սոցիալական խնդիրների մասին ու տեղացիների համար քննարկումներ ենք կազմակերպում, Վանաձորի առջև ծառացած մարտահրավերներ ենք քննարկում: Ես ուզում եմ այնպիսի աշխատավայր ստեղծել, որտեղ մարդիկ կուզենան գալ ու հավես, զիլ բաներ անել: Կառավարությունից դժվար է օգնություն ստանալ, բայց մարդիկ պիտի մնան իրենց քաղաքում, պետք է օգնել իրենց: Երևանից այն կողմ կյանք կա, հավատացեք: Վանաձորում բոլորը փորձում են աջակցել ինձ ու հենց իրենց համար ես մնում եմ այստեղ:
«Այս հաղորդումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում փոդքասթի հեղինակները»։